Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2024թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները հոկտեմբերի 11-ին Վանաձորի Թեժ լեռ հանգստյան գոտում բանախոսությամբ հանդես են եկել Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար կազմակերպված ճամբարում, որն իրականացվել է «Շիրակի եւ Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագրի շրջանակում: Ճամբարին մասնակցել են Տավուշի եւ Շիրակի մարզերի դպրոցների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների 14-ից 25 տարեկան շուրջ 100 երիտասարդներ։
Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակին, կառուցվածքին, կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերին:
2. Հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը, Արամայիս Փաշինյանը և Լիլիթ Ալեքսանյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին Հանձնաժողովում հյուրընկալել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակությանը՝ ծրագրերի փոխնախագահ Կատերին Էլլենայի գլխավորությամբ։
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հայաստանում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական և գործնական մի շարք խնդիրների վերաբերյալ։
3. Հանձնաժողովի աշխատակիցները հոկտեմբերի 17-ին ք. Դիլիջանի ավագ դպրոցում, «Կոռուպցիա, կոռուպցիայի բացասական հետևանքները» թեմայով բանախոսությամբ հանդես են եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին, որը նախատեսված էր «Ֆրիդմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ իրականացված «Ժողովրդավարական մշակույթի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ավագ դպրոցների 11-րդ դասարանի սովորողների համար:
Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ուսուցման մեթոդների կիրառմամբ կազմակերպվել են խմբային քննարկումներ, բանավեճեր, հնչել են տարաբնույթ հարցեր կոռուպցիայի կանխարգելման, մասնավորապես, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման գործում հակակոռուպցիոն կրթության դերի և վերջինիս կարևորության վերաբերյալ:
4. 2024 թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ որպես բանախոս, մասնակցել է Բեռլինում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Թրանսփարենսի ինթերնեշնլի (ԹԻ) կողմից կազմակերպված Քաղաքական բարեվարքության 6-րդ ճամբարին: Միջոցառումն այս տարի նվիրված էր քաղաքական կուսակցությունների արդյունավետ վերահսկողությանը:
Իր ելույթում Հանձնաժողովի անդամը ներկայացրել է 2021 թվականից ի վեր Հայաստանում՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման արդյունավետ վերահսկողության ուղղությամբ իրականացված բարեփոխումները:
5. Հանձնաժողովը` կարևորելով կոռուպցիայի ընկալման փոփոխության գործում ուսուցիչների և ծնողները դերը, հոկտեմբերի 25-ին կազմակերպել էր հերթական աշխատաժողովը, որին ներկա էին ք. Երևանի ավագ դպրոցներից շուրջ 30 մանկավարժներ և ծնողներ:
Հանդիպման նպատակն էր պրակտիկ հմտությունների և գիտելիքների փոխանցումը մանկավարժներին և ծնողներին, ովքեր ձեռք բերած կարողությունները կկիրառեն կրթական/դաստիրակչական ոլորտներում:
6. Հանձնաժողովը՝ կարևորելով կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված արդյունավետ քաղաքականության կառուցակարգերի իրականացման և զարգացման գործում ՔՀԿ-ների և Զանգվածային լրատվության միջոցների նշանակալի դերը կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովներ ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ներկայացվել մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, անհամատեղելիության պահանջների արգելքներին, ընդունվող իրավական ակտերի հետևանքներին, հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, հայտարարագրերի վերլուծության գործընթացին, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախման իրավիճակների լուծումներին և այլն:

Scroll to Top