Մարտի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամները և ստորաբաժանման ղեկավարները մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված՝ Հանձնաժողովի գործունեության գնահատման արդյունքների ներկայացման միջոցառմանը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
ԿԿՀ գործունեությունն ուսումնասիրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գնահատելով ԿԿՀ–ն 6 չափման ուղղություններով, ներառյալ՝ կառույցի անկախությունն ու կարգավիճակը, ֆինասնական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը, կոռուպցիայի կանխարգելումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը, հանրային պաշտոնյաների և ծառայողների բարեվարքության պահանջների ապահովումը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։ Կիրառված մեթոդաբանությունը հնարավորություն է տվել գնահատել ԿԿՀ–ի գործունեությունը նաև Ջակարտայի սկզբունքներին համապատասխանության և արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տեսանկյունից։ Գնահատումն իրականացվել է ԿԿՀ ձևավորումից մինչ 2022թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։
Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքի և արդյունքները համապարփակ ներկայացնելու համար՝ նշելով, որ գնահատումն իրականացվել է 2022 թվականի արդյունքներով, ու զեկույցում մատնանշված մի շարք խնդիրներ արդեն լուծված են կամ քայլեր են ձեռնարկվում լուծման ուղղությամբ և արդյունքները շոշափելի կդառնան առաջիկա տարում։