Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Զարգացման գործակալության աջակցությամբ հրավիրվել էր «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով աշխատաժողով, որտեղ քննարկվեցին վերջին տարիներին կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերը, առաջիկա անելիքները և ազդարարվեց «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը:
Աշխատաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Հայկուհի Հարությունյանը ելույթում առանձնահատուկ կարևորեց ժողովրդավարական արժեքներով քաղաքացու դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում՝ նշելով, որ ժողովրդավար պետության կայացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կոռուպցիան է:
Վստահ եմ, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի նաև մեր պետությունում և բոլորիս համատեղ ջանքերը շարունակաբար ծառայեցվում են իրական ժողովրդավարական պետության կայացմանը, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետության միակ խնդիրն է բոլոր ոլորտներում ապահովել մարդու, քաղաքացու արժանապատիվ կյանքը,- ասաց Հայկուհի Հարությունյանը և հավելեց, որ Հանձնաժողովը՝ որպես կանխարգելիչ մարմին, ոչ թե խնդիր ունի վախի, պատժի սպառնալիքի ներքո կառավարել քաղաքացու վարքագիծը, այլ կերտել պատասխանատու, պահանջատեր և բարեվարք քաղաքացի։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում անդրադարձավ 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը. Որպես հիմնական առաջնահերթություն նախանշվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը և այս առումով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովն ընդունել է, առաջիկայում կնշանակվի նաև կոմիտեի նախագահը, որից հետո կսկսվի այս կառույցի ձևավորման գործընթացը,-նշեց Սուրեն Գրիգորյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելուն հետամուտ լինելու պատրաստակամությունը և նշեց, որ «Բարեվարքության ծրագիրը», որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն կնպաստի ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պետական կառավարման համակարգում ամրապնդել հանրային ծառայողի բարեվարքությունը: