Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, կայացավ «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովը, որն ամփոփեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական մեկամսյա իրազեկման արշավը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից և գործընկեր կառույցներից ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայան և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Տեսաուղերձով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Մ. Գալստյանը իր խոսքում շնորհավորեց ներկաներին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս խորհրդանշական օրը բացառիկ հնարավորություն է՝ վերագնահատելու կոռուպցիայի դեմ պայքարում ստանձնած կարևոր առաքելությունը, ամփոփելու կատարված աշխատանքները, վերլուծելու առկա խնդիրները և նախանշելու ապագա քայլերը: Մարիամ Գալստյանն ընդգծեց, որ հակակոռուպցիոն ջանքերի համատեղ քննարկման միջոցով առկա է բացառիկ հնարավորություն գնահատելու աշխատանքի հասցեականությունը և նոր լիցք հաղորդել կոռուպցիայի դեմ պայքարում երկրի առաջնահերթություններին:
«Հայաստանում կոռուպցիայի դեմ միջգերատեսչական պայքարի իրավական, ինստիտուցիոնալ գործիքները և մարտահրավերները» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ներկայացվեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմինների աշխատանքները: Մ. Գալստյանը ներկայացրեց Հանձնաժողովի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, առկա մարտահրավերները և դրանց դիմակայելու հիմնական ուղղությունները:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Կանխարգելի՛ր Կոռուպցիան» հանրային ծառայողների համար կազմակերպված խաղ-մրցույթի մրցանակաբաշխությունը, որի արդյունքում խրախուսական պարգևներ ստացան թվով 25 հանրային ծառայողներ տարբեր գերատեսչություններից, իսկ առաջին երեք պատվավոր հորիզոնական զբաղեցրած մասնակիցները՝ հատուկ մրցանակներ: