Հոկտեմբերի 26-27-ին «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման հանդիպումների շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները երկօրյա այցով գտնվել են ՀՀ Տավուշի մարզում։
Հոկտեմբերի 26-ին Իջևանում՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամում կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Իջևանի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժներ և աշակերտների ծնողներ։
Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։
Մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի կողմից իրականացվող գործառույթները: Մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման, ինչպես նաև որոշ պաշտոնյաների՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար կիրառվող բարեվարքության համակարգը, կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի կարևորությունը: Խոսվել է կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության տարածման և բարեվարքության համակարգի անհրաժեշտության, կրթության և իրազեկվածության միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա ծրագրերի մասին:
Հոկտեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Տավուշի մարզպետարանում, որտեղ հանդիպել են մարզի խոշորացված համայնքների համայնքային ծառայողների և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկայացվել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, արվել տարբեր առաջարկություններ։