ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2024 թվականի դեկտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի, Ասիական զարգացման բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համագործակցությամբ:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովը նպատակ ուներ ծառայել որպես հարթակ, որի միջոցով մասնակիցները կծանոթանային կորպորատիվ կառավարման լավագույն պրակտիկաներին, կվերլուծեին ՀՀ պետական մասնակցությամբ ընկերությունների կորպորատիվ կառավարմանը վերաբերելի խնդիրները և մարտահրավերները, ինչը հնարավորություն կտա ընկերություններում ներդնել ժամանակակից տնտեսական մարտահրավերներին և հանրային սպասելիքներին համահունչ՝ ավելի կայուն, թափանցիկ և պատասխանատու կառավարման մոդելներ:

Աշխատաժողովի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել ոլորտի առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի անկախ խորհրդատու Գրեգորիո Բելոնդը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ֆինանսական և ձեռնարկատիրական հարցերով տնօրինության վերլուծաբան Թալիսա զը Հաուսենը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան, «Eric Salmon & Partners» խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին․

o Պետական մասնակցությամբ ընկերությունների լավ կառավարում․ հնարավոր օգուտներ ընկերությունների, հասարակության և պետության համար․
o Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական մասնակցությամբ ընկերությունների կորպորատիվ կառավարման ուղենիշներ (2024).
o Գործարար բարեվարքությունը պետական մասնակցությամբ ընկերություններում․
o Խորհրդի և խորհրդի անդամների դերը պետական մասնակցությամբ ընկերություններում:

Աշխատաժողովի ընթացքում Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տ․Ասրյանն անդրադարձել է պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար բարեվարքության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման թեմային՝ ներկայացնելով ոլորտի միջազգային ստանդարտները և կոռուպցիոն ռիսկերի կառավարման հիմնական գործիքները:

Աշխատաժողովի երկրորդ օրը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ իրականացված՝ «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» հետազոտության արդյունքները՝ վերլուծելով Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման ընդհանուր պատկերը:

Աշխատաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերություններում տնօրենների խորհրդի դերին և խորհրդի կազմում անկախ անդամների ընդգրկման անհրաժեշտությանը:

Scroll to Top