Մամուլում հրապարակվել է «Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ Վաղարշապատի ընտրություններում» վերտառությամբ հոդված, ըստ որի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ելքերի և ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի վերաբերյալ բանկերի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տեղեկանքներում առկա են անհամապատասխանություններ:
- Հրապարակված տեղեկատվության մեջ նշված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առնչությամբ հայտնում ենք, որ կուսակցության հիմնական հաշվից ելքն իրականացվել է բանկային օրվա ավարտին, իսկ նախընտրական հիմնադրամի հատուկ հաշիվը սպասարկող բանկի կողմից համապատասխան մուտքը հաստատվել է հաջորդ օրը՝ ըստ բանկային գործառնությունների ընդունված ընթացակարգի։ Հետևաբար, տվյալ տարբերությունը պայմանավորված է զուտ բանկային գործարքների տեխնիկական ժամկետներով։
- «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալների առնչությամբ հայտնում ենք, որ կուսակցության հաշվեհամարի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում բանկի կողմից ի սկզբանե ներկայացված տվյալներում 1 մլն դրամի չափով ելքի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայել է։ Հետագայում բանկը լրացուցիչ տվյալ է ներկայացրել երկրորդ բանկային հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ, որով ԿԸՀ-ի հրապարակած տեղեկանքում նշված տվյալը հաստատվել է, ինչից հետո ԿԿՀ-ն անմիջապես թարմացրել է իր տեղեկանքը՝ կատարելով համապատասխան նշում։
- «Հայրենիք» և «Ժառանգություն» կուսակցությունների վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով․ կուսակցությունների որոշ նվիրատուներ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նոր, փոփոխված կարգավորումներին չտիրապետելով նվիրատվություն են կատարել անմիջապես նշված կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հատուկ հաշվիվներին։ Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի համաձայն՝ 26-րդ հոդվածում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե: ԿԿՀ-ի և ԿԸՀ-ի կողմից համատեղ փոխգործակցության և պարզաբանումների արդյունքում համապատասխան բանկերը կապահովեն վերը նշված պահանջների կատարումը:
- «Հաղթանակ» դաշինքի վերաբերյալ նշված թվային տարբերությունը պայմանավորված է տվյալ ժամանակահատվածի համար ստացված ոչ ամբողջական տվյալներով։ Համապատասխան շտկումը կատարվել է հրապարակված տեղեկանքում:
- Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված տվյալների ամփոփման, ամփոփ տեղեկանք կազմելու և հրապարակման ժամկետներին՝ հարկ է նկատել, որ օրենսդրությամբ հրապարակման վերաբերյալ ժամկետ սահմանված չէ, և Հանձնաժողովը համապատասխան տվյալները հրապարակում է հաշվի առնելով ստացված տվյալների ծավալը, առկա ռեսուրսները և այլ հանգամանքներ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ստուգման, ամփոփման և հրապարակման, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկերից ստացված տվյալների ամփոփման ու հրապարակման հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են Ընտրական օրենսգրքով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնում են տվյալների լրացուցիչ համադրություն և ճշգրտում՝ ապահովելու հրապարակվող տեղեկանքների ամբողջականությունը:
Միաժամանակ, երկու մարմինները շարունակելու են գործել փոխգործակցության ձևաչափով և պատրաստակամ են համագործակցել ընտրական գործընթացում ներգրավված շահառուների հետ՝ ապահովելու ընտրական գործընթացներում ֆինանսական հաշվետվողականության բարձր մակարդակ և թափանցիկություն:

