Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում սույն թվականի հոկտեմբերի 6-ից 10-ը մասնակցել են Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գլոբալ գագաթնաժողովին, որը կայացել է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։
Գագաթնաժողովը համախմբել է տարբեր երկրների ավելի քան 2000 ներկայացուցիչների՝ պետական մարմիններից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից՝ փորձի փոխանակման, լավագույն փորձերի ներկայացման և բաց կառավարման նախաձեռնությունների ու դրանց իրականացման հիմնական ուղղությունների առաջընթացը քննարկելու նպատակով։
Մասնակցության շրջանակներում հանդիպում է կայացել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գործադիր տնօրեն Այդան Էյակուզեի և նախաձեռնության թիմի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առաջընթացը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգի կատարելագործման, իրական շահառուների բացահայտման, նվերների և պետական գնումների թափանցիկության, ռազմավարական հաղորդակցության, թվայնացման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում։
ԲԿԳ գործադիր տնօրեն Այդան Էյակուզեն բարձր է գնահատել Հայաստանի շարունակական առաջընթացը ժողովրդավարության ոլորտում առկա ձեռքբերումների պահպանման և զարգացման ուղղությամբ։Զրուցակիցները կարևորել են նմանատիպ հանդիպումների շարունակական բնույթը։
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է նաև «Հանրային բարեվարքություն, թափանցիկություն և էթիկա» խորագրով բարձր մակարդակի պանելին, որի շրջանակներում ներակայացրել է հանրային բարեվարքության ոլորտում Հայաստանում իրականացված և ներկայումս շարունակվող թվայնացման գործընթացն ու դրա ազդեցությունը հանրային վերահսկողության ամրապնդման և թափանցիկության խթանման վրա։
Իր ելույթում Մարիամ Գալստյանն անդրադարձել է հայտարարագրերի էլեկտրոնային հարթակի գործարկմանն ու կայացմանը՝ ընդգծելով, որ Հայաստանն այժմ օգտվում է առավել համապարփակ ու թափանցիկ հայտարարագրման համակարգից, որն առանց վարանելու կարելի է դասել աշխարհում առաջատարների թվին։ Հայտարարագրման համակարգի պաշտոնատար անձանց վերաբերելի բաժինների թվայնացմանը զուգահեռ 2025 թվականին Հանձնաժողովը գործարկել է նաև քաղաքական կուսակցություններին առնչվող տեղեկությունների հրապարակման թվային հարթակ, որը հանրությանը հասանելիություն է տալիս կուսակցությունների ակտիվների, նրանց տրամադրված նվիրատվությունների և կուսակցությունների խորհրդի անդամների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններին։
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը «Արդյունավետ հանրային բարեվարքության համակարգ․ կանոնակարգեր, ինստիտուտներ և վարքային փոփոխություններ» խորագրով քննարկմանը ներկայացրել է Հանձնաժողովի՝ բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ձեռքբերումները, բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտի ներդրումից ի վեր գրանցած արդյունքները, վարքագծի կանոնագրքի գործնականում կիրառումը, և դրանց արդյունքում պաշտոնատար անձանց վարքագծի փոփոխության միտումները։
Հանձնաժողովը շնորհավորում է նաև Մեծամոր համայնքին գագաթնաժողովի ընթացքում թեմատիկ մրցանակ ստանալու կապակցությամբ։