Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում մարտի 8-10-ը Կոռուպցաիյի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով) աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել էր եռօրյա վերապատրաստում:
Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել և ամրապնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները հանրային ծառայողների վարքագծի կանոնների կիրարկման և անհամատեղելիության ու օրենքով նախատեսված այլ սահմանափակումների թեմաներով: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ինտերակտիվ եղանակով քննարկելու համապատասխան օրենսդրական կարգավորումները, լավագույն չափանիշներն ու պրակտիկան, շահերի բախման և նվերների ինստիտուտի առկա իրավակարգավորումներն ու կանոնակարգերը: Մասնակիցները ծանոթացել են նաև հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների բացատրական ուղեցույցին, քննարկել իրավիճակային խնդիրներ:
Միջոցառմանը՝ որպես բանախոս հանդես է եկել բարեվարքության, էթիկայի և շահերի բախման հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:
Նշենք, որ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-Փուլ 2» ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Կառավարությանը և արդարադատության ոլորտի մարմիններին՝ ապահովելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ իրականացումը: