Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը և Լիլիթ Ալեքսանյանը Ստրասբուրգում մասնակցել են Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։
Լիագումար նիստի օրակարգում եղել են 5-րդ փուլի գնահատման զեկույցներ և 5-րդ և 4-րդ գնահատման փուլերին առնչվող համապատասխանության զեկույցներ՝ ընդհանուր 11 անդամ պետությունների վերաբերյալ: 5րդ փուլի շրջանակներում որպես առանձին ուղղություն գնահատվում են Կենտրոնական կառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելումը, վերաբերելի օրենսդրական դաշտը, պրակտիկայում դրա կիրառումը և ինստիտուցիոնալ համակարգը։
Նշենք, որ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել հակակոռուպցիոն քաղաքականության ազգային թերությունները` իրականացնելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումներ:
Հայաստանը անդամակցում է Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին 2004 թ.-ից և ենթարկվում է կանոնավոր գնահատման՝ պարզելու անդամ պետության տարվող հակակոռուպցիոն քաղաքականության և դրա կիրարկման համապատասխանությունը կազմակերպության հակակոռուպցիոն չափորոշիչներին։