Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է մանրամասներ կուսակցություններին տրված նվիրատվությունների վերաբերյալ:
Ո՞րքան է կուսակցության անդամավճարի, մուտքի վճարի և նվիրատվության՝ 1 տարվա ընթացքում առավելագույն շեմը:
– 1 տարվա ընթացքում կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 1 միլիարդ ՀՀ դրամը:
Մեկ ֆիզիկական անձը որքա՞ն և ի՞նչ եղանակով կարող է նվիրատվություն կատարել կուսակցությանը:
– 2025 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ մեկ ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում կուսակցությանը կատարվող նվիրատվության, անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի 10,000,000 ՀՀ դրամ: Նվիրատվությունները թույլատրվում են բացառապես անկանխիկ եղանակով: Նվիրատուն փոխանցումը կատարելիս պարտավոր է նշել իր անունը, ազգանունը, ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի համարը։
Ի՞նչ պետք է անի կուսակցությունը օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափերը գերազանցող նվիրատվություն ստանալու դեպքում:
– Նման դեպքում կուսակցությունը պարտավոր է սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե: Սույն պահանջը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն ինչպես կուսակցության պաշտոնատար անձի, այնպես էլ նվիրատուի նկատմամբ:
Ի՞նչ է բնեղենով նվիրատվությունը
– Բնեղենով նվիրատվություն է կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնումը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու հետևանքով կուսակցության մոտ ձևավորված խնայողությունը։ Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։
Արդյո՞ք բնեղենով նվիրատվությունները նույնպես ներառվում են նվիրատվությունների՝ օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափերում:
– Այո: Բնեղենով նվիրատվությունների գումարը ներառվում է նվիրատվությունների՝ օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափերում:
Թույլատրվո՞ւմ է արդյոք կուսակցությանը անանուն անձանցից ստանալ նվիրատվություն:
– Ոչ, անանուն անձանցից նվիրատվություններն արգելված են: Անանուն անձանցից նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե: Սույն պահանջը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ:
Թույլատրվո՞ւմ է արդյոք կուսակցությանը իրավաբանական անձանցից ստանալ նվիրատվություն:
– Ոչ, ցանկացած իրավաբանական անձանցից, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից նվիրատվություններն արգելված են: Նման նվիրատվությունների ստացման դեպքում՝ կուսակցությունը պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում փոխանցել պետական բյուջե: Սույն պահանջը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն ինչպես կուսակցության պաշտոնատար անձի, այնպես էլ նվիրատուի նկատմամբ: