Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, փետրվարի 16-ից 20-ը, իրազեկման հանդիպումներ է իրականացրել Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Կոռուպցիան իմ աչքերով» մրցույթի լավագույն տասնյակում ընդգրկված թվով 5 դպրոցների սաների հետ։
Հանդիպումների ընթացքում աշակերտներին ողջունել է Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման կառուցակարգերը, ոլորտում գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպես նաև Հանձնաժողովի հիմնական գործառույթներն ու ստանձնած հանձնառությունները։
Իրազեկման հանդիպումներն իրականացվել են ինտերակտիվ մեթոդաբանությամբ՝ խթանելով սովորողների անմիջական ներգրավվածությունը գործընթացին: Քննարկումների առանցքում են եղել կոռուպցիայի վերաբերյալ աշակերտների ընկալումներն ու առաջարկությունները, ինչպես նաև նախապես մշակված իրավիճակների գործնական վերլուծությունը:
Նման իրավիճակային խաղերի միջոցով վերհանվել են իրազեկման հիմնական բացերը, իսկ սովորողները հնարավորություն են ունեցել հանդես գալ սեփական առաջարկություններով և հարցադրումներով:
Նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ամրապնդել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտը դպրոցական միջավայրում։
















