Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները հոկտեմբերի 17-ին ք. Դիլիջանի ավագ դպրոցում, «Կոռուպցիա, կոռուպցիայի բացասական հետևանքները» թեմայով բանախոսությամբ հանդես են եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին, որը նախատեսված էր «Ֆրիդմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ իրականացված «Ժողովրդավարական մշակույթի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ավագ դպրոցների 11-րդ դասարանի սովորողների համար:
Սովորողների շրջանում համանման արշավները նպատակ ունեն նպաստել կոռուպցիայի և դրանց հակազդման մեխանիզմների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ուսուցման մեթոդների կիրառմամբ կազմակերպվել են խմբային քննարկումներ, բանավեճեր, հնչել են տարաբնույթ հարցեր կոռուպցիայի կանխարգելման, մասնավորապես, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման գործում հակակոռուպցիոն կրթության դերի և վերջինիս կարևորության վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերին, «Կոռուպցիա» հասկացությանը և դրսևորման բացասական հետևանքներին: