Հրապարակվել է ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 4-րդ փուլի համապատասխանության երկրորդ զեկույցի լրացումը

Դեկտեմբերի 11-ին հրապարակված՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (ԳՐԵԿՈ) համապատասխանության նոր զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել 2015 թվականին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ։

Զեկույցով ավարտվում է Հայաստանի համապատասխանության ընթացակարգը մոնիթորինգային 4-րդ փուլի շրջանակում, որի հանձնարարականները վերաբերում են կոռուպցիայի կանխարգելմանը խորհրդարանի անդամների և դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։

Զեկույցում գնահատվել է, որ պատգամավորների կողմից ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումների շրջանցումը կանխելու վերաբերյալ հանձնարարականը բավարար չափով կատարվել է։ Այս առումով ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող կանոնավոր մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ Հանձնաժողովի կողմից մինչ օրս իրականացված ուսումնասիրությունները խորհրդարանականների կողմից անհամատեղելիության պահանջների պահպանման համատեքստում:

ԳՐԵԿՈ-ն ընդգծել է նաև, որ նվերների ընդունման սահմանափակումները հստակեցվել և արդիականացվել են վերաբերելի խմբերի համար (այդ թվում՝ խորհրդարանականներ, դատավորներ և դատախազներ), ինչը համահունչ է հանձնարարականին:

Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/Yc64w:

Միաժամանակ, Հայաստանը շարունակում է գնահատման գործընթացը ԳՐԵԿՈ-ի հինգերորդ շրջափուլի ներքո, որը կենտրոնացած է կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման վրա՝ կենտրոնական կառավարությունում (բարձրագույն գործադիր պաշտոններ) և իրավապահ մարմիններում:

Scroll to Top