ԿԿՀ-ն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հետ:
«Հանձնաժողովը հաջորդիվ կհաստատի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, մյուս առանձնահատկություններից ելնելով արդեն դատախազական համակարգում, քննչական համակարգում կհաստատվեն իրենց կանոնները: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է ՏԻՄ ծառայողների վարքագծի կանոններ հաստատեն»:
Մարիամ Գալստյանն ընդգծեց, որ Հանձնաժողովի մշակած վարքագծի կանոններից պետք է բխեն և սահմանվեն ոլորտային կանոնները:
Վարքագծի տիպային համապարփակ կանոններն առաջին անգամ են մշակվում: Դրանք կլինեն պարտադիր և խրախուսելի: Ծառայողական պարտականությունների կատարումից մինչև վարքագիծը աշխատանքից դուրս. պարտադիր կանոնների շրջանակը լայն է՝ խախտելը կենթադրի կարգապահական պատասխանատվություն:
«Օրինակ՝ անձը մասնավոր կյանքում չպետք է անի այնպիսի գործողություններ կամ այնպիսի հրապարակումներ, որոնք որևէ կերպ կարող են նվաստացնել կամ նսեմացնել հանրային ծառայությունը: Հարկերի վճարումից սկսած՝ մինչև այլ անձանց հետ վարվելակերպ, շահերի կառավարում: Ճիշտ է՝ դրանք բարեվարքության համակարգի տարրեր են, կարգավորվում են նաև հանրային ծառայության մասին օրենքով. այստեղ վարքագիծն է, որ խախտում թույլ չտա»,-նշեց ԿԿՀ անդամը:
Հարգալից, բարեխիղճ, բարեկիրթ, անաչառ լինելուց զատ՝ պարտադիր կլինեն խտրականության բացառումը, քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը. կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարումը: Դրոշի, զինանշանի, լեզվի հանդեպ հարգանք դրսևորելու պարտադիր պայմանը ևս ընդգծվել է նախագծում: Հանձնաժողովը կարձանագրի նաև՝ աշխատասենյակում ծխելու արգելքը, նվերների վերաբերյալ կարգավորումը:
Հանանձաժողովի անդամն անդրադարձավ նաև հանրային ծառայողների՝ նվերներ ստանալուն և նմանատիպ ոչ գույքային առավելություններին:
«Նվերները հանրային ծառայության մասին օրենքով է սահմանված: Նշել ենք նաև՝ ոչ գույքային առավելությունը ևս կարող է նվեր համարվել՝ հյուրասիրություն, արարողակարգային միջոցառումներին մասնակցություն, տոմսեր, ցանկացած առավելություն, որը ողջամտորեն կարող ենք ընկալել, որ անձին չէին տա, եթե պաշտոն չզբաղեցներ, համարվելու է նվեր: Մեր նպատակն է՝ հնարավորինս բարեվարք պետական և հանրային ծառայության համակարգ ունենանք»:
Նախագիծը մշակվել է միջազգային գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ: Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների որոշման նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկները կարող են ներկայացվել մինչև մարտի 28-ը: Հետո արդեն կլրամշակվի նախագիծը և կհաստատվի մայիսին:
Հանրայինի «Լուրերի» անդրադարձը՝ սույն հղումով: