Ապրիլի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի շուրջ:
Քննարկմանը մասնակցել է նախօրոք գրանցված կուսակցություններից 18 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել մրցութային հանձնաժողովի ստեղծման, աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հետ կապված այլ մանրամասներ:
Քննարկման մասնակիցները հարցեր են ուղղել որոշման նախագծի բովանդակային մասից, մասնավորապես՝ մրցութային հանձաժողովի կազմի, աուդիտորական կազմակերպություններին վճարվելիք գումարի, նրանց ներկայացվող պայմանների վերաբերյալ, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր:
Կուսակցությունների ներկայացուցիչները Հանձնաժողովին առաջարկել են վերանայել և ընդլայնել մրցութային հանձնաժողովի անդամների կազմը՝ ներառելով անդամներ նաև հասարակական կազմակերպություններից, կուսակցություններից, մասնագիտական կառույցներից, ինչպես օրինակ՝ ՀՀ աուդիտորների եվ փորձագետ-հաշվապահների պալատից: Առաջարկվել է պարտադիր պահանջ սահմանել աուդիտորի՝ որևէ կուսակցության անդամ չլինելը, ինչպես նաև աղանդավորական ուղղություններին չպատկանելը:
Կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկվել է ևս մեկ անգամ ուսումնասիրել Հանձնաժողովի որոշման նախագիծը և այլ առաջարկներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել գրավոր՝ ընդունվելու պարագայում լրամշակված տարբերակում ներառելու համար: