Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Հանրային քննարկմանը, մասնակցել են ԱԺ-ի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, այնպես էլ կուսակցությունների, աուդիտորական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Մասնակիցները բարձր են գնահատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման շատ կարճ ժամանակահատվածում օրենսդրական և պրակտիկ խնդիրների համակարգված ձևով վերհանումը և շահագրգիռ կողմերին դրանց ներկայացումը:
Վերհանված խնդիրների ծավալով պայմանավորված՝ հանրային քննարկման մասնակիցները խնդրել են տրամադրել հավելյալ ժամկետ՝ իրենց առաջարկությունները և դիրքորոշումը ներկայացնելու համար:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հավատարիմ մնալով իր որդեգրած՝ թափանցիկ և հաշվետվողական գործելու, ինչպես նաև իր գործունեության ընթացքում մասնակցայնություն ապահովելու քաղաքականությանը, հանձն առավ առաջիկա օրերին ավարտին հասցնել համապատասխան խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթի մշակման աշխատանքները և այն ներկայացնել իրավասու մարմնին՝ օրենքով սահմանված կարգով շրջանառելու նպատակով:
Մինչ այդ բոլոր շահագրգիռ կողմերը և անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրների վերաբերյալ կարող են իրենց առաջարկները ներկայացնել՝ դրանք ուղարկելով info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հանրային քննարկումը կազմակերպվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:
Դուրս բերված խնդիրներին առաջարկում ենք ծանոթանալ սույն հղումով: