Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 17-ին մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկմանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, անդրադառնալով բարեվարքության համակարգի տարրերին՝ ընդգծել է դրանց կարևորությունը կոռուպցիայի կանխարգելման, էթիկական չափանիշների պահպանման և մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցում:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումը և այլ սահմանափակումներ՝ պայմանավորված պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի կանոններին և դրանց գործնական մեկնաբանություններին:

Մարիամ Գալստյանը մանրամասն անդրադարձ է կատարել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերին, օրենսդրական փոփոխություններին, ոլորտի շարունակական զարգացմանը, ներկայացրել է Հանձնաժողովի կիրառման պրակտիկան, մեթոդաբանությունը, դիրքորոշումը և առաջարկությունները՝ կապված բարեվարքության ինստիտուտի ամրապնդմանն ուղղված իրավական և մեթոդական բարեփոխումների հետ։  Քննարկման արդյունքներով կարևորվել է բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական:

Scroll to Top