Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման գործընթացներն առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականի հունիսից իրականացնում է գործադիր իշխանության մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից գնահատման չորրորդ փուլի շրջանակում «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով տրված հանձնարարականները, 2022 թվականին իրականացրել էր Ազգային ժողովի պատգամավորների անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն:
2023 թվականին արդեն, որպես մշտադիտարկման սուբյեկտ, ընտրվել են գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ հիմնվելով ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ շրջափուլի զեկույցի վրա, որի հիմնական թիրախը կենտրոնական կառավարման համակարգի, մասնավորապես՝ գործադիր իշխանության բարձրագույն/ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք են (PTEFs): Այսպես, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության սուբյեկտ են ընտրվել ՀՀ կառավարության, Կառավարությանը ենթակա մարմինների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավար պաշտոն զբաղեցնող՝ ընդհանուր թվով 115 անձ:
Հարկ է նշել, որ անհամատեղելիության պահանջների ուսումնասիրության անհրաժեշտությունը բխում է նաև հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մեդիա հրապարակումների և Հանձնաժողովին հասցեագրված դիմումների շեշտադրումներից և դրանց բովանդակությունից:
Մշտադիրտարկման ամբողջ գործընթացի, այդ թվում՝ ռիսկային ցուցիչների և մշտադիտարկման մեթոդաբանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարելի է գտնել «Անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման պլան»-ում:
Հավելենք, որ 2023 թվականի հունիսից առ այսօր իրականացվել է ընդհանուր թվով 80 պաշտոնատար անձի վերաբերյալ անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն: Հանձնաժողովը նախատեսում է մշտադիտարկման ներկայացված գործընթացն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, իսկ ուսումնասիրության արդյունքներն առաջիկայում կամփոփվեն և կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: