Հանձնաժողովը հյուրընկալել է Բերդի պետական բազմագործառութային քոլեջի ուսանողների և մանկավարժների. ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է մեր երկրում կոռուպցիայի դեմ գործում կանխարգելիչ բաղադրիչի նշանակությունը և այս առումով հանրային համերաշխությունն ու համագործակցությունը։ Այդ նպատակով Հանձնաժողովը կազմակերպում է իրազեկող հանդիպումներ տարբեր խմբերի հետ։

Այս անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Բերդի պետական բազմագործառութային քոլեջի մի խումբ ուսանողների և մանկավարժների։

Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին։ Այնուհետև՝ Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն ինստիտուտները, որոնք կոչված են կոռուպցիան կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար:

Ե՛վ ուսանողներին, և՛ մանկավարժներին հետաքրքրել է հանրային պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց նյութական արժեքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը միտված հայտարարագրման համակարգը, դրանից օգտվելու ձևերը:

Խոսվել է նաև Հանձնաժողովի գործունեության շրջանակի, կառուցվածքի, գործառույթների և ստորաբաժանումների լիազորությունների մասին: Անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրման համակարգին և հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններով սահմանված որոշ դրույթներին:

Scroll to Top