Ապրիլի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտներին:
Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական/իրազեկման հանդիպումների միջոցով Հանձնաժողովը փորձում է արմատավորել արժեքներ և զարգացնել կարողություններ, որոնք անհրաժեշտ են սովորողների համապատասխան քաղաքացիական դիրքորոշման ձևավորման համար:
Հանդիպման նպատակն էր նախագծային աշխատանքի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ համապարփակ գիտելիքների ձեռքբերումը և կանխարգելման գործիքակազմին ծանոթացումը՝ ուղղված կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը:
Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացված թեմաների շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ, ինչպես նաև ինտերակտիվ վարժությունների միջոցով աշակերտները գործնականում կիրառել են ձեռք բերած գիտելիքները:
Բանախոսները անդրադարձել են նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակին, Հանձնաժողովի գործիքակազմին, օժտված լիազորություններին և նախանշված առաջնահերթություններին: