2022 թվականի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ (այսուհետև՝ ՎԻՎ) թվով 12 վարույթներ, որոնց կարող եք ծանոթանալ կայքի Որոշումներ բաժնում։
Վարույթները հարուցվել են հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց 2021 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագիր չներկայացնելու հիմքով։
ՎԻՎ վարույթները հարուցվել են համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների, ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված 2021 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չեն ներկայացվել Հանձնաժողով։ Արդյունքում Հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 12 վարույթ։ Հայտարարատուների կողմից մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրը և ժամը ներկայացվել են հայտարարագրերը։
Հանձնաժողովը քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ վերը նշված 12 գործերը որոշել է՝ նշված անձանց ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն։