Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը, որը կազմակերպվել է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում:
Հայկուհի Հարությունյանն իր ելույթը սկսել է շնորհակալական խոսքով՝ Ժողովրդավարության հայկական ֆորումին իրեն հրավիրելու համար: «Որպես իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության երկար տարիների ջատագով՝ ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ որպես բանախոս, բայց առավել պարտավորեցնող է իբրև պետական պաշտոն զբաղեցնող անձ պիտի կարողանամ վստահեցնել, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը իրապես դրված է գործուն հիմքերի վրա, ձևավորվում է այնպիսի մշակույթ և պետական կառավարման համակարգ, որտեղ անհատական մակարդակում պետական պաշտոն զբաղեցնող անձինք հաշվետու են արդյունավետորեն, իսկ պետական համակարգը դրսևորում է բարձր զգայունություն կոռուպցիայի նկատմամբ»:
Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է 2019 թվականից մինչ այսօր Հանձնաժողովի ունեցած կարևորագույն ձեռքբերումները: Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Հանձնաժողովին վերապահված է էական դեր և դրա իրագործման լավագույն մեխանիզմներից առնվազն երկուսն արդեն դրսևորում են արդյունքներ:
«Առաջին անգամ ՀՀ-ում ներդրվել և արդեն երկրորդ տարին է՝ կիրառվում է պետական պաշտոնի նշանակման անձանց բարեվարքության ստուգման գործընթացը: Մայիսի 1-ի դրությամբ ունեցել ենք 375 պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության ստուգում, որոնց մեծ մասը կազմել են նոր նշանակվող դատավորները: Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, բայց դրանց ներքո ներկայացված փաստերը բավականին ուժգին են, որոշում կայացնող մարմինը կարողանում է նշանակումներում ապահովել այնպիսի գործընթաց, որպեսզի անձանց միջոցով կոռուպցիոն ռիսկեր և բարքեր համակարգ այլևս չներթափանցեն»:
Հանձնաժողովի նախագահը ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից որպես դրական բարեփոխում նշել է. «Որպես կոլեգիալ մարմին՝ հինգ անդամից բաղկացած որոշումների կայացման սխեման տվել է այն երաշխիքները, որ Հանձնաժողովի ներսում ձևավորվում են բավարար հակակշիռներ, որպեսզի մեկ անձի որոշումով կամ նախասիրությամբ պայմանավորված գործընթացներ ինստիտուտի ներսում տեղի չունենան»:
Ըստ նրա՝ բարեվարքության ստուգման գործընթացում առանցքային կարևորություն ունի նաև դատաիրավական բարեփոխումների մաս կազմող մեկ այլ ինստիտուտի՝ դատախազական համակարգի գործունեության մեջ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման միտումները:
Ամբողջական ելույթը դիտեք այստեղ: