Հանձնաժողովն ամփոփել է երեք կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի փորձնական գնահատման արդյունքները

Կարևորելով պետական մասնակցությամբ ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգերի (այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի կառավարման) ներդրման անհրաժեշտությունը, Հանձնաժողովը 2022 թվականին սկսել է համագործակցություն «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ թվինինգ ծրագրի հետ, որի 4-րդ բաղադրիչի նպատակ էր սահմանվել գործարար բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդնումը պետական մասնակցությամբ ընկերություններում:

Ծրագրի հետ համագործակցության շրջանակում Հանձնաժողովը 2023 թվականին մշակել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագիծը, որի հիման վրա իրականացվել են կոռուպցիոն ռիսկերի փորձնական գնահատումներ պետական մասնակցությամբ մեկ ընկերությունում և պետական (համայնքային) ոչ առևտրային երկու կազմակերպություններում, որի արդյունքներն ամփոփվել են 2024 թվականին:

Գնահատման արդյունքներն առաջին հերթին ընդգծել են կազմակերպությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության միջազգային ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը: Բացի այդ, գնահատման արդյունքները ցույց են տվել, որ բացահայտված մի շարք խնդիրներ համակարգային լուծումներ են պահանջում, ինչը հաշվի առնելով, Հանձնաժողովը փորձնական գնահատման արդյունքները ներկայացնում է զեկույցի մշակմամբ՝ անդրադառնալով նաև ոլորտում առկա բացերին և միջազգային հիմնական ստանդարտներին:

Զեկույցի հղումը՝ https://shorturl.at/K2Ha0:

Scroll to Top