Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2017 թվականի օգոստոսի 21-ից 23-ը մասնակցել է Վիեննայում կայացած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկման նպատակով ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 8-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարբեր երկրների կրթական համակարգերում և քրեական արդարադատություն իրականացնող մարմիններում կոռուպցիայի կանխարգելման լավագույն փորձն ու նախաձեռնությունները:
Միջոցառմանը ներկա են գտնվել տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների պաշտոնյաներ, միջազգային փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են քննարկվող թեմային առնչվող իրենց երկրների և կազմակերպությունների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը՝ զեկուցելով ներկաներին Հայաստանում հանրային ինստիտուտների և կրթական հաստատությունների միջև համագործակցության մոդելի, կրթության ու վերապատրաստման նախաձեռնությունների ու ծրագրերի, ինչպես նաև դրանց բովանդակության և մեթոդաբանության առանձնահատկությունների վերաբերյալ:
Միջոցառման ավարտին պատվիրակները կարծիքներ են հայտնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկմանը միտված համագործակցության ապագա առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել և հաստատել են Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ զեկույցը:
04.09.2017