Դեկտեմբերի 18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։
Վերջիններս ներկայացրել են, որ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Մոլդովայում՝ նպատակ ունենալով պայքարել ռազմավարական կոռուպցիայի և ապօրինի քաղաքական ֆինանսավորման դեմ։ Այն խթանելու է տարածաշրջանային համագործակցությունը, նպաստելու է պետական հաստատություների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, բարելավելու է ռիսկերի վերլուծության ու կարգավորման համակարգերը: Ծրագիրն ուղղված է նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների կարողությունների կատարելագործմանը՝ ապատեղեկատվությանը դիմակայելու և կոռուպցիայից բխող տեղեկատվական մանիպուլյացիաները հաղթահարելու նպատակով։
Ողջունելով հյուրերին Հանձնաժողովի անդամները կարևորել են նախաձեռնության շրջանակներում համագործակցության երկու կարևորագույն ուղղություններ․ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցում տարածաշրջանային համագործակցությունը և ոլորտային ռիսկերի կառավարումը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մեկտեղել ջանքերը՝ ուժեղացնելու համագործակցությունը նշված ուղղություններով կոռուպցիան դիմակայելու հարցերում: