Հունվարի 30-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում, որը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
Ֆորումին մասնակցել են մի շարք շահագրգիռ պետական կառույցներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (այսուհետ՝ Հանձնաժողով) ֆորումին մասնակցել են Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը և նույն վարչության կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը:
Ֆորումի ընթացքում Ա. Մանուկյանը իր խոսքում անդրադարձել է ԵՄ Թվինինգ ծրագրին, որի առաջին կոմպոնենտը ամբողջությամբ նվիրված է հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման աշխատանքներին. «Կցանկանայի առանձնացնել երկու ենթաբաղադրիչ, առաջինը՝ հանրակրթության ոլորտում ներդրման ենթակա նյութերի մշակումն է, որի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից մշակվել են նյութերը և մեթոդաբանությունը, այսինքն՝ դպրոցներում ինչ բովանդակությամբ պետք է կոռուպցիա թեման դասավանդվի և ինչպես: Այս համատեքստում շուրջ 45 մասնակիցներ վերապատրաստվել են այդ թվում՝ հասարակագիտության մենթորներ, կրթության կազմակերպիչներ, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ: (…) Մյուս բաղադրիչը ենթադրում է բուհական համակարգում ներդրման ենթակա նյութերի մշակում, և այս շաբաթ, հերթական առաքելության ժամանակ, մշակված երեք մոդուլների նախագծերը փորձարկվելու են հայաստանյան բուհերի թվով 12 ներկայացուցիչների շրջանում»:
Ա. Մանուկյանը նշեց, որ իրազեկման արշավներ են իրականացվել ծնողների և մանկավարժների շրջանում՝ ՀՀ մի շարք մարզերում և Երևանում, որոնց ներգրավել են 500-ից ավելի մասնակիցներ, բաց է մնացել միայն Սյունիքի մարզը, որտեղ նախատեսվում է այցելություն այս տարի:
Հանձնաժողովի կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը անդրադարձել է Հանձնաժողովի աշխատանքներին և հակակոռուպցիոն ռազմավարությանը՝ նշելով, որ Հանձնաժողովը ձեռնարկել է հակակոռուպցիոն կրթության հայեցակարգի և մեթոդական ձեռնարկի մշակում, որի շրջանակներում Հանձնաժողովն առաջարկել է հակակոռուպցիոն կրթությունը ներդնել տարբեր առարկաների շրջանակներում՝ սկսած 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայից մինչև 12-րդ դասարան՝ «Հասարակագիտություն» առարկան, և յուրաքանչյուր առարկայի շրջանակում ներդնել հենց իր բովանդակությանը համապատասխան նյութեր և վերջնարդյունքներ:
Հանդիպման ընթացքում ներկաները կիսվել են իրենց մտահոգություններով և քննարկել հակակոռուպցիոն ռազմավարությամբ ներկայացված գործողությունները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանը, ինչպես նաև ներկայացուցիչները անդրադարձել են հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված գործողությունների ներկայացման, գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման հարցերում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավման անհրաժեշտության, գործողությունների կատարման ընթացքին:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://surl.li/pztpf: