Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին գործարկվել է Հանձնաժողովի էլեկտրոնային ուսուցման հարթակը:
Ուսուցման հարթակը ծառայելու է որպես Հանձնաժողովի կրթական գործառույթի ապահովման գործիք՝ տրամադրելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական թիրախային դասընթացներ և թվային գրադարանի հասանելիություն: Հարթակը ներկայում առաջարկում է 5 թեմատիկ դասընթացներ, որոնք մշակված են հանրային ծառայողների, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար և ներառում են բարեվարքության համակարգի տարրերի, կոռուպցիոն ռիսկերի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, ազդարարման, հանրային գնումներում ռիսկերի նվազեցման և կոռուպցիայի կանխարգելման այլ գործիքների վերաբերյալ կրթական
մոդուլներ:
Հարթակում այժմ հասանելի են հետևյալ խորագրերով դասընթացները՝
1․ «Կոռուպցիա․ կանխարգելման հիմնադրույթները»,
2․ «Էթիկական կառավարումը և կոռուպցիայի կանխարգելումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց
համար»,
3․ «Կուսակցությունների ֆինանսավորման համակարգը ՀՀ-ում»,
4․ «Գործարար բարեվարքությունը և կոռուպցիոն ռիսկերի կառավարումը պետական մասնակցությամբ
ընկերություններում»,
5․ «Շահերի բախումը որպես բարեվարքության համակարգի տարր»:
Դասընթացների բովանդակությունը մշակվել է հակակոռուպցիոն ոլորտի միջազգային լավագույն օրինակների հիման վրա՝ թույլ տալով օգտվողներին գիտելիքներ ստանալ ոչ միայն հայաստանյան
պրակտիկայի, այլև միջազգային փորձի վերաբերյալ։ Հարթակ կարող եք մուտք գործել՝ սեղմելով «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» կոճակի վրա: Դասընթացների ավարտին հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները կստանան մասնակցությունը հավաստող վկայագրեր: