«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոն. Մեկնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի համապետական արշավը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնը, որը մեկնարկեց կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված մեկամսյա արշավը։ Մարաթոնը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբը՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում:

Մարաթոնը մեկնարկվել էր քայլերթով, հեծանվաշքերթով, այնուհետև միջոցառումը շարունակվել է կոռուպցիայի խնդիրները պատկերող ծաղրանկարների և կոմիքսային պատմությունների ցուցադրությամբ ու մրցանակաբաշխությամբ: Միջոցառման ավարտին կազմակերպվել է հայկական ավանդական պարերի ֆլեշմոբ:

Մարաթոնին ելույթի խոսքով հանդես է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով իր խոսքում կարևորել է համանման միջոցառումների կազմակերպումը և երտասարդների մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համապետական արշավի շրջանակներում ս.թ.-ի դեկտեմբեր ամսին նախատեսվում է իրականացնել «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ», որը ներառելու է մի շարք պաշտոնական միջոցառումներ՝ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով:

Scroll to Top