Հուլիսի 12-ին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները դպրոցի 9-րդ հոսքի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով)։
Ունկնդիրներին հյուրընկալել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները և իրավասությունների շրջանակը:
«(…)Հանձնաժողովը ձևավորվեց՝ որպես ինստիտուցիոնալ մարմին՝ կոռուպցիան կանխարգելելու, այլ ոչ թե պատժելու կամ քրեական պատասխանատվության կամ հարկանդրանքի մեխանիզմի կիրառման միջոցով առանձին վարքագծի դեպքում փոփոխություններ ապահովելու համար: (…)Ի տարբերություն այլ շատ մարմինների, մասնավորապես, պատժիչ գործառույթ իրականացնող մարմինների, Հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, որոշումները կայացնում է ոչ թե միանձնյա, այլ կոլեգիալ կազմով, որտեղ, Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ նշանակություն չունի, Հանձնաժողովը կազմված է 5 անդամներից և 5 անդամներն ունեն հավասար ձայն, և կառավարման տեսանկյունից սա իսկապես եզակի դրսևորում է: (…)»:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հարցեր ուղղեցին հայտարարագրերի, ինչպես նաև տարբեր պաշտոնների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ առկա կարգավորումների մասին։
Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը ներկայացրեց վարչության գործառույթները՝ կոռուպցիոն ռիսկերի կառավարումը, առկա խնդիրները, ինչպես նաև այն նախաձեռնություններն ու պիլոտային ծրագրերը, որոնք մշակման փուլում են։