«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) վերապահված է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրերի և միջոցառումների իրականացում: Կրթական միջոցառումների և հանրային իրազեկման հիմնական նպատակը հասարակության գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մշակույթի ստեղծումն ու ամրապնդումն է։
Այս համատեքստում նոյեմբերի 28-ին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, այցելել են Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց, որտեղ իրականացրել են «Երեխաների իրավունքները» և «Կոռուպցիա» թեմաներով ինտեգրված դաս:
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացությունը, դրա դեմ պայքարի միջոցները, հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը՝ կարևորելով «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության» տեսանկյունից Հանձնաժողովի դերակատարումը:
Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Հանձնաժողովի կողմից մշակված կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ աշակերտների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանն ուղղված խաղեր:
Հանդիպման վերջում դպրոցի աշակերտները Հանձնաժողովի աշխատակիցներին են ներկայացրել երեխանների իրավունքներին նվիրված պաստառներ՝ պատրաստված իրենց կողմից, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ և մասնակցային քննարկումներ կոռուպցիա երևույթի և երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև հնչել են թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: