ԵՊՀ ուսանողների ճանաչողական այց Հանձնաժողով

Դեկտեմբերի 3-ին, «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները ընդունել են Երևանի պետական համալսարանի  Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:

Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ուսանողներին ներկայացրել է Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող հիմնական աշխատանքները, մասնավորապես՝ հայտարարագրերի վերլուծություն, բարեվարքության ուսումնասիրություն, հանրային ծառայողների վարքագծի վերահսկողություն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում, վարույթների  իրավական ապահովում:

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը ներկայացրել է հայտարարագրման համակարգը, ուսումնասիրության գործընթացը, խնդիրները, խոսել պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից հայտարարագիր լրացնելու պարտավորությունների մասին՝ ընդգծելով հայտարարագրման համակարգի կարևորությունը՝ որպես թափանցիկության ապահովման մեխանիզմ:

Հանդիպման ընթացքում կազմակերպվել է ակտիվ քննարկում, Հանձնաժողովի անդամները պատասխանել են ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հանձնաժողովի անկախությանը և ինքնավարությանը, բարեվարքության ուսումնասիրության գործընթացին, դրա արդյունքում տրվող եզրակացություններին, իրազեկման աշխատանքներին, վարքագծի տիպային կանոններին և վարքագծի կանոնագրքին, հայտարարագրման համակարգին և ԶԼՄ-ների հրապարակումներին:

Հանձնաժողովը մեծապես կարևորում է երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում, համանման արշավները նպատակ ունեն նպաստել  կոռուպցիայի և դրանց հակազդման մեխանիզմների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ «զրո» հանդուրժողականության ձևավորմանը:

Scroll to Top