Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև այս ձևով երիտասարդներին ծանոթացնելու մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:
Նախքան Հանձնաժողովի բուն գործառույթներին ծանոթանալը՝ ուսանողները շրջեցին աշխատասենյակներում, ծանոթացան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին և աշխատանքների կազմակերպման ընթացքին:
Այնուհետև ուսանողներին ներկայացվեց կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները: Ուսանողների տարաբնույթ՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, Հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունների, հետագա համագործակցությունն ամրապնդելուն վերաբերող հարցերին պատասխանեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանօրինակ այցելությունները դարձնել պարբերական, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հնարավորության դեպքում կազմակերպել կոռուպցիայի կանխարգելմանը միտված միջոցառումներ՝ համագործակցելով Հանձնաժողովի հետ: