2023 թվականի մարտ ամսվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի են ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում նախատեսված միջոցառումները:
Նշված ծրագրի շրջանակներում Բաղադրիչ 1-ի նպատակն է Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացմանն աջակցման ոլորտում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը։
Թվինինգ ծրագրի փորձագետների մասնակցությամբ Հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված հանրակրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման թեմաներով ներդրվող կրթական ծրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծմանը:
Ներգրավված փորձագետներ պրոֆեսոր Մոնիկա Օբերլեն և Սվեն Իվենսը հանդիպել են հակակոռուպցիոն կրթական ծրագրեր, ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնող ուսհաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել մինչ այդ կատարված աշխատնքներին, վերհանել խնդիրներ:
Քննարկմանը մասնակցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարարական կազմակերպության, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և «ՍԻՎԻՏԱՍ» ժաղովրդավարական հայկական կենտրոնի ներկայացուցիչները:
Քննարկման մասնակիցների կարծիքով դպրոցներում հակակոռուպցիոն կրթության համար անհրաժեշտ են ինտերակտիվ դիդակտիկ մոտեցումներ ու մեթոդներ: Ինչպես նաև, բացի միջին և ավագ դպրոցների աշակերտներից, որպես կարևոր թիրախային խումբ, հակակոռուպցիոն կրթությունը պետք է սկսել տարրական դպրոցից, որտեղ այն կարող է ինտեգրվել գոյություն ունեցող թեմաներին:
Նշված ժամանակահատվածում Բաղադիրչի մյուս գործողության ներքո Հանձնաժողովի նոր աշխատակիցների համար իրականացվել է վերապատրաստում: Որպես վերապատրաստողներ հանդես են եկել Ծրագրի շրջանակներում Հանձնաժողովի՝ Վերապատրաստողների վերապատրաստում (ToT) անցած 12 աշխատակիցները։ Վերապատրաստողների հմտությունները գնահատել են ծրագրի փորձագետներ Հանս Յոակիմ Ռիգերը և դոկտոր, պրոֆեսոր Պատրիցիա Սուվաժը:
ToT դասընթացի նպատակն էր ԿԿՀ աշխատակիցներին զինել անհրաժեշտ գործիքակազմով, մշակել միասնական մեթոդաբանություն, որով աշխատակիցները կառաջնորդվեն հանրային իրազեկման արշավների շրջանակներում: