Նոյեմբերի 18-ից 20-ը Երևանում ընթանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը, որին մասնակցում են 47 երկրից շուրջ 300 պատվիրակ:
Նստաշրջանի ընթացքում ելույթի խոսքով հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Մարիամ Գալստյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալացվել է. «Վերջին տարիներին Հայաստանն անցել է ժողովրդավարության ուղիով` քաղաքական և ինստիտուցիոնալ առումով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելմանը և պայքարին»:
Մարիամ Գալստյանը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առավել ուշագրավ ձեռքբերումներից առանձնացրեց Հանձնաժողովի՝ որպես անկախ կանխարգելիչ մարմնի ձևավորումը՝ ընդգծելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շեշտը դրվեց, առաջին հերթին, կոռուպցիայի կանխարգելման և մարդկանց մտածելակերպի փոփոխության վրա։ Գալստյանը ներկայացրեց կոռուպցիայի կանխարգելման ոլորտում օրենսդրական և գործնական մակարդակում իրականացված քայլերը, Հանձնաժողովի գործունեության արդյունքները, նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ թվային լուծումների միջոցով արդյունավետության բարձրացումը: Գալստյանի խոսքով, նույնիսկ լավագույն ինստիտուցիոնալ համակարգերի և ամենաուժեղ մեխանիզմների առկայության դեպքում հաջողության չեն կարող հասնել առանց կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությանը միտված մտածելակերպի ձևավորման:
Նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է, որ կոռուպցիոն դեպքերը պակասելու համար անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու եւ մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան լինի անհանդուրժելի: