Ծաղկաձորում հրավիրված սեմինարի ընթացքում դատաիրավական համակարգի մի խումբ ներկայացուցիչներ միջազգային փորձագետների հետ քննարկել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմաններին առնչվող հարցեր:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացած հիբրիդային ֆորմատով սեմինարին մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը և Նարեկ Համբարձումյանը, հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանն ու վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցեր, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:
Այս ուղղությամբ գերմանական փորձը ներկայացրել են Գերմանիայի Ռայնլանդ–Պֆալց երկրամասի գերագույն վարչական և սահմանադրական դատարանների նախագահ Լարս Բրոքերը և Ռայնլանդ–Պֆալց երկրամասի գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր և դատավորների կարգապահական ու ծառայողական հարցերով զբաղվող դատարանի մշտական անդամ Կլաուս-Ախիմ Բոնիկովսկին: