«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպումներ Տավուշի մարզում

Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականությունն ամրապնդելու, իրավունքի գերակայության, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հրամայականներով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրազեկման հանդիպումները՝ ձևավորելու կամք և վճռականություն «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն» ունեցող հասարակություն ձևավորելու համար:

Վերոգրյալ հրամայականներով պայմանավորված՝  դեկտեմբերի 20-ին և 21-ին  Հանձնաժողովի աշխատակիցները, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում, «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» թեմայով իրազեկման հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի  ք. Դիլիջանի ավագ և Այրումի Հ. Մալինյանի անվան միջնակարգ դպրոցներում:

Հանդիպումներին ներկա են եղել շուրջ 40 աշակերտներ, ովքեր «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ձեռք բերած իրենց գիտելիքները խորացրել են դասընթացի ընթացքում

Դասընթացի սկզբում Հանձնաժողովի աշխատակիցները և աշակերտները քննարկել են «Կոռուպցիա» հասկացության, վերջինիս դեմ պայքարելու միջոցների մասին:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տեսանյութ, ծավալվել են ակտիվ քննարկումներ «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների մասին:

Կարևորելով աշակերտների մասնակցությունն ու առաջնորդումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում՝ համանման իրազեկող հանդիպումները տարբեր դպրոցների աշակերտների հետ կրելու են շարունակական բնույթ:

Scroll to Top