Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում երիտասարդների դերը և մասնակցությունը, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում նոյեմբերի 27-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» խորագրով իրազեկման հանդիպում էր կազմակերպել Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցում:
Հանդիպման ընթացքում, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ թեմաներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր, բեմադրել դերային խաղեր` նշելով ամենատարածված կոռուպցիոն դեպքերը և առաջարկել համապատասխան լուծումներ:
Կազմակերպվել են ակտիվ քննարկումներ «Կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, ինչպես նաև աշակերտները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները, խոսել վերջինիս հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին։
Կարևորելով համանման հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այցելություն Հանձնաժողով, որտեղ աշակերտները մանրամասն կծանոթանան Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մանդատ ունեցող մարմին: