Մայիսի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալվել են Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է մի շարք թեմաներ՝ «կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի միջոցների, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դրսևորումների, պատճառների, տեսակների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց նյութական արժեքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը միտված հայտարարագրման համակարգի, դրանից օգտվելու ձևերի մասին:
Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված խաղեր, որոնք ուղղված էին աշակերտների հակակոռուպցիոն կրթական ծրագրի արդյունավետ ընկալմանը և իրազեկվածության բարձրացմանը:
Ծրագրերը շարունակական են լինելու, քանի դեռ հակակոռուպցիոն կրթությունը չի թափանցել երկրի յուրաքանչյուր անկյուն: