Մայիսի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էին այցելել «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի իրավաբան ուսանողները: ՈՒսանողների այցը Հանձնաժողով կազմակերպվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նաև այս կերպ երիտասարդներին ծանոթացնել մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, ծրագրերին, Հանձնաժողովի գործառույթներին և լիազորություններին:
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ողջունել է ուսանողներին և ներկայացրել Հանձնաժողովի մանդատը, գործառույթների և լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, վարքագծի կանոնները, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները: Որպես կանխարգելման կարևոր գործիքներ անդրադարձ է կատարվել հայտարարագրման համակարգին, բարեվարքության ուսումնասիրության համակարգին, ինչպես նաև կուսակցություների ֆինանսական գործունեության վերահսկողությանը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, ուսանողները բարձրաձայնել են տարաբնույթ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հայտարարագրերի վերլուծության գործընթացին, հայտարարատու պաշտոնյաների խմբին, իրավիճակային հայտարարագրերին, բարեվարքության ուսումնասիրության գործընթացին, դրա արդյունքում տրվող եզրակացություներին, հանրային ծառայողների վարքագծի կանոններին, նվերների համար սահմանվող արժեքներին և այլն:
Քաղաքացիների կողմից կոռուպցիայի դեմ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերելու առումով չափազանց կարևոր են համանման հանդիպումները, որոնք մեծապես նպաստում են երիտասարդների իրազեկվածության բարձրացմանն ու հանրային վերահսկողության մեծացմանը: