Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով, շարունակում է հակակոռուպցիոն կրթական միջոցառումների իրականացումը՝ նպատակ ունենալով սովորողների շրջանում ստեղծել և ամրապնդել կոռուպցիայի դեմ պայքարի մշակույթ՝ ձևավորելով իրազեկ և պատասխանատու քաղաքացիներ:
Այս համատեքստում Հանձնաժողովում հունվարի 21-ին հյուրընկալվել էին Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպրոցի «Փի ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաորմամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում գործող «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակի աշակերտները:
Աշակերտներին հյուրընկալել և բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը: Հանձնաժողովի անդամներն ընդծել են երիտասարդների մասնակցության և համագործակցության կարևորությունը կոռուպցիայի կանխարգելման գործում, ինչպես նաև ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերը՝ անդրադարձ կատարելով հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, վերլուծության գործընթացին, օրենսդրական կարգավորումներին, բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, բարեվարքության համակարգի տարրերին` անհամատեղելիության պահանջների արգելքներին, շահերի բախման իրավիճակների լուծումներին և այլն:
Մասնակիցները կատարել են նաև խմբային աշխատանքներ, կազմակերպել քննարկումներ կոռուպցիայի բացասական հետևանքների և ազդեցության վերաբերյալ: