Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների (այսուհետ՝ կանոններ) ընդունումից հետո դրանց կիրարկումն ապահովելու հաջորդ քայլերը ներառում են մեկնաբանության ուղեցույցի մշակումը՝ հանրային ծառայության տարբեր մակարդակներում կանոնների և կանոնների հիմքում ընկած սկզբունքների միասնական մեկնաբանություն և կիրառում ապահովելու նպատակով, ինչպես նաև կանոնների կիրառման վերաբերյալ հանրային ծառայողների վերապատրաստումը:
Հաշվի առնելով վերոնշյալը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԿԿՀ) մասին օրենքով ԿԿՀ-ի կողմից պաշտոնատար անձանց և պետական ծառայողների համար նախատեսված հակակոռուպցիոն դասընթացների և վերապատրաստման ծրագրերի կազմակերպման պահանջները՝ ընթացիկ վերապատրաստման ծրագիրը կոչված է ապահովելու ԿԿՀ պարտավորությունները՝ բարձրացնելու պետական մարմիններում և հաստատություններում բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունները՝ կանոնների արդյունավետ կիրառման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում էթիկայի սկզբունքների ավելի համակարգված պահպանման նպատակով:
«Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը Եվրոպայի խորհուրդն իրականացնում է Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երրորդ փուլի շրջանակում:
Վերապատրաստման դասընթացի բացման խոսքով հանդես են եկել՝ Լիլիթ Ալեքսանյանը (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ), Զուզանա Սորոցինովան (Ծրագրի պատասխանատու, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն), Նադեժդա Պլամադեալան (Ծրագրի ղեկավար, Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժին, Եվրոպայի խորհուրդ):
Վերապատրաստման առաջին օրվա ծրագիրը ներառում էր «Տիպային կանոնագրքի ուղեցույցի» ներկայացում, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին մի շարք իրավիճակային խնդիրներ: