Սույն թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները՝ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում գտնվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Ուսումնական այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կիրառվող պրակտիկային, ծանոթանալ կանխարգելման գործառույթին և ներդրված գործիքակազմերին:
Ինչպես բաղադրիչի շրջանակում, այնպես էլ այցի ընթացքում կարևորվել են իրազեկվածության բարձրացման և հաղորդակցության առկա փորձի ուսումնասիրությունը: Աշխատակիցներն այցելել են Արդարադատության նախարարություն, որտեղ հակակոռուպցիոն ոլորտի մասնագետների կողմից ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելումը Գերմանիայում, որը ներառում էր Հակակոռուպցիոն օրենսդրության և ԱՆ հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ տեղեկատվություն: Հանդիպման ընթացքում ծավալվել են քննարկումներ բարեվարքության հարցերով պատասխանատուի, կոռուպցիայի կանխարգելման պատասխանատու բաժնի և իրավաբանական բաժնի աշխատակիցների հետ:
Հանձնաժողովի աշխատակիցները այցելել են Գերմանիայի Դաշնային խորհրդարան, կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակ, ծանոթացել իրազեկման աշխատանքներին, հանրային հատվածի և ԶԼՄ-ների հետ հաղորդակցման մեթոդներին, ինչպես նաև՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներքին գործերի նախարարություն, որտեղ ծրագրի ղեկավար Ինգո Սորգացի կողմից ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման չափանիշները, անդրադարձ կատարելով Գերմանիաի պետական մարմինների միջև կոռուպցիայի կանխարգելման պարտականությունների բաշխման և միջգերատեսչական հաղորդակցության ռազմավարություններին:
Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նաև Բեռլինում տեղակայված «Բերթելսման հիմնադրամի» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» աշխատակիցների հետ:
Հանդիպումների ավարտին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը: