Դեկտեմբերի 2-ին, 3-ին և 4-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Հանձնաժողովում կազմակերպել էր «Բաց դռների օր»` նախատեսված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին Հանձնաժողովում հյուրընկալել են Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը:
Մ. Գալստյանը ուսանողներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա ինստիտուցիոնալ գործիքակազմերը, Հանձնաժողովի գործունեության հիմանական ուղղություններն ու առկա կառուցակարգերը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարել բարեվարքության համակարգի տարրերին, հայտարարագրման համակարգի մեխանիզմներին, վերլուծության գործընթացին ու առկա օրենսդրական կարգավորումներին, միաժամանակ Մ. Գալստյանը իր խոսքում ընդգծել է հաշվետվողականության և թափանցիկության ապահովման գործընթացում երիտասարդների մասնակցության կարևորությունը:
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հանդիպումների ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն կրթական և իրազեկման ծրագրերին, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին:
Հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը և բաց զրույցը հնարավորություն տվեց ուսանողներին բարձրաձայնել խնդիրները և անկաշկանդ քննարկումներ կազմակերպել:












