Բարեվարքության տարրեր
1. Ո՞ր իրավիճակը կարող է համարվել շահերի բախում, և ի՞նչ կարող է ներառել պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը։
Լայն իմաստով՝ շահերի բախումը պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերի և հանրային շահի միջև կոնֆլիկտն է։ Ազգային օրենսդրությունն անդրադառնում է շահերի բախմանը հանրային հարաբերությունների ամենատարբեր ոլորտներում և նախատեսում կարգավորումներ հանրային ծառայության տեսակները կարգավորող ոլորտային օրենքների, այլ իրավական ակտերի շրջանակներում։
Այդուհանդերձ, հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքությանն առնչվող հարցերը, նախ և առաջ, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, որը շահերի բախումը սահմանում է որպես իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Իր հերթին՝ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահի ներքո հասկացվում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։
2. Ինչպիսի՞ իրավական գործիքներ են առկա շահերի բախման իրավիճակները զսպելու կամ կառավարելու համար։
Շահերի կառավարման իրավական մեխանիզմները գտնվում են շարունակական և պարբերական բարելավման գործընթացում։ Այդուհանդերձ, գործող իրավակարգավորումներն արդեն իսկ հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել դրանք՝ խուսափելու, հայտնելու, լուծելու կառուցակարգերի միջոցով։ «Հանրային ծառայության մասին» օրենքը պաշտոն զբաղեցնող անձանց, որպես կանխարգելման մեթոդ, նախ և առաջ առաջարկում է ձեռնպահ մնալ շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման ընդունման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց։ Միաժամանակ, նախատեսվում են առանձնահատուկ կարգավորումներ վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող անձանց և այդպիսիք չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Կարգավորումների հիմնական տրամաբանությունն առաջին դեպքում ենթադրում է շահերի բախման մասին վերադաս անձին հայտնելու պարտավորություն, ով առաջարկում է իրավիճակի լուծմանն ուղղված որոշակի քայլեր։ Մինչդեռ, վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող անձանց և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց օրենքը հնարավորություն է տալիս խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
3. Ո՞րն է շահերի բախման կարգավորումները խախտելու կամ դրանց չհետևելու իրավական հետևանքը։
Շահերի բախման կարգավորումները չպահպանելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ կարգապահական կամ վարչական։ Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից շահերի բախման իրավիճակների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարություն չներկայացնելը հիմք է այդ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Հանձնաժողովի նմանօրինակ որոշումներին կարելի է ծանոթանալ կայքէջի «Որոշումներ» բաժնում։
4. Արդյո՞ք առկա են հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվերներ ստանալու հետ կապված սահմանափակումներ։ Ի՞նչ իրավական ակտով են դրանք սահմանվում։
Նվերների ընդունման սահմանափակումների ինստիտուտը բարեվարքության համակարգի առանցքային բաղադրիչներից է, որը, ինչպես և մյուս տարրերը, նպատակ ունի կանխելու հնարավոր շահերի բախման իրավիճակների առաջացումը և պաշտոնեական պարտականությունների նկատմամբ ազդեցությունը։ Նվերների ընդունման սահմանափակումները նախատեսված են «Հանրային ծառայության մասին» օրենքով, որը կարգավորում է թույլատրելի նվերների ստացման, հաշվառման, հանձնման հետ կապված հարաբերությունները և նախատեսում արգելք՝ ոչ թույլատրելի՝ պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ստացման դեպքերի համար։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, իր հերթին, լիազորված է հետևելու նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը և նվերների հաշվառման գործընթացը համակարգելուն։
5. Արդյո՞ք հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է պաշտոնավարման ընթացքում անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ իրականացնել այլ աշխատանք
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանված են պաշտոնին ներկայացվող որոշակի պահանջներ, որոնք թույլ են տալիս ապահովել պաշտոնեական լիազորությունների՝ հավանական շահերի բախումից զերծ, արդյունավետ և անաչառ իրականացումը։
«Հանրային ծառայության մասին» օրենքի տեսանկյունից հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սույն օրենքով հստակեցվում են նաև ձեռնարկատիրական գործունեությունը, գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի հասկացությունները։ Նշված պահանջների խախտումը նախատեսում է պատասխանատվության առավել խիստ միջոցը՝ պաշտոնեական լիազորությունների դադարեցումը կամ զբաղեցրած պաշտոնից ազատումը։
6. Ի՞նչ գործողություններ պետք է կատարել, եթե պաշտոնում նշանակվելիս անձը հանդիսանում է առևտրային կազմակերպության մասնակից կամ զբաղեցնում է որևէ պաշտոն այդ կազմակերպությունում։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են դադարեցնել իրենց գործունեությունը առևտրային կազմակերպությունում, իսկ բաժնեմասնակցության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով այն հանձնել հավատարմագրային կառավարման՝ միաժամանակ ապահովելով հավատարմագրային կառավարման գործընթացի և կառավարչի նկատմամբ ազդեցության բացառումը։
Կոռուպցիոն ռիսկեր
1. Ի՞նչ է կոռուպցիոն ռիսկերի գնահատումը:
Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը գործիք է, որի միջոցով հանրային և մասնավոր ոլորտների մարմինները և կազմակերպությունները բացահայտում, վերլուծում և գնահատում են այն բացերը և հնարավորությունները, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն գործողությունների կամ վարքագծի: Այս գործընթացը ներառում է մարմնի կամ կազմակերպության գործունեության այն ոլորտներում վերլուծության իրականացում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը կարող են բարձր լինել (օրինակ՝ պետական գնումներ, ֆինանսական գործարքներ, թույլտվությունների տրամադրում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն), ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների, գործողությունների և միջոցների սահմանում, որոնք կարող են նվազեցնել բացահայտված ռիսկերը:
2. Ինչու՞ է կարևոր կոռուպցիոն ռիսկերի գնահատումը:
Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ապահովում է մի շարք կարևոր արդյունքներ, որոնք նպաստում են մարմինների և կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության և թափանցիկության ապահովմանը։ Այն առաջին հերթին կոռուպցիայի կանխարգելման նպատակ է հետապնդում, քանի որ թույլ է տալիս ի սկզբանե կանխարգելել կոռուպցիոն վարքագիծը՝ նվազեցնելով նման վարքագծի առաջացման հնարավորությունը: Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը նպաստում է նաև կառավարման համակարգի բարելավմանը, հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, բարեվարքության ամրապնդմանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը, հանրային վստահության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և այլն:
3. Հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կարող է կիրառել գնահատում իրականացրած մարմինը կամ կազմակերպությունը բացահայտված ռիսկերի կառավարման նպատակով:
Կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մարմինը կամ կազմակերպությունը մշակում է հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, ինչը նպատակ ունի նվազեցնել ռիսկերը կանխարգելիչ միջոցառումների կիրառման միջոցով: Որպես կանոն, այդ միջոցառումները կարող են ուղղված լինել գործընթացների թափանցիկության, որոշումների կայացման գործընթացում կոլեգիալության և փաստաթղթավորման, վերահսկողական մեխանիզմների արդյունավետության ապահովմանը, կոռուպցիայի կանխարգելման կրթական և իրազեկման ծրագրերի իրականացմանը, թվային տեխնոլոգիաների ներդրմանը, ներքին իրավական ակտերի մշակմանը, հայեցողության լայն շրջանակ պարունակող կարգավորումների հստակեցմանը և այլն:
4. Արդյո՞ք ՀՀ-ում ներդրված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգը:
Ոչ, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգը դեռևս առկա չէ ՀՀ-ում, սակայն ՀՀ 2023-2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում (1.9-րդ գործողություն), ինչպես նաև պետական և համայնքային մասնակցությամբ ընկերություններում (4.3-րդ գործողություն) ներդրնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով:
5. Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում:
ՀՀ 2023-2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրի հիման վրա 2024 թվականին Հանձնաժողովը մշակել և Արդարադատության նախարարություն է ներկայացրել ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միասնականության ապահովման, իրավասու մարմիններ առաջարկությունների ներկայացման գործառույթները: Բացի այդ, նախագծի ընդունմամբ Հանձնաժողովին կվերապահվի նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակման և հաստատման, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության և մեթոդական աջակցության տրամադրման գործառույթները:
Այս փուլում Հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագծի հիման վրա իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի փորձնական գնահատումներ՝ նախագիծը լավարկելու և ՀՀ առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով:
Հայտարարագրեր
1. Ինչպե՞ս մուտք գործել Հայտարարագրման էլեկտրոնային համակարգ (այսուհետ՝ Համակարգ), եթե ես և իմ ընտանիքի անդամները մոռացել ենք Համակարգ մուտք գործելու օգտանունը և գաղտնաբառը:
Եթե չունեք հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու գաղտնաբառ, սակայն հիշում եք Ձեր օգտանունը, ապա կարող եք սույն հղումով: լրացնել Համակարգ մուտք գործելու օգտանունը, ապա սեղմել մոռացել եք գաղտնաբառը: հղումի վրա և լրացնել Համակարգում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որից հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք էլեկտրոնային նամակ, որի միջոցով կկարողանաք սահմանել Համակարգ մուտք գործելու նոր գաղտնաբառ:
Իսկ եթե չունեք Համակարգ մուտք գործելու և՛ օգտանուն, և՛ գաղտանաբառ, ապա անհրաժեշտ է պահանջվող տվյալները լրացնել սույն հղումով հասանելի ձևաթղթում՝ մուտքանուն և գաղտնաբառ ստանալու համար: Հարկ է նկատի ունենալ, որ տարբեր գաղտնաբառեր չստանալու համար ձևաթուղթը լրացնելուց հետո անհրաժեշտություն չկա հաղորդակցության այլ եղանակներով կապ հաստատել Հանձնաժողովի հետ:
2. Հայտարարագիրը լրացնելու համար արդյո՞ք կա ուղեցույց, որից կարող եմ օգտվել կամ այլ ինչ միջոցով կարող եմ ուղղել հարցադրումները:
Եթե ունեք Համակարգ մուտք գործելու հնարավորություն՝ ապա Համակարգի «Ուղեցույցներ» բաժնից կարող եք օգտվել և՛ տեխնիկական և՛ բովանդակային ուղեցույցներից:
Ուղեցույցներն ուսումնասիրելուց հետո, այլ հարցեր լինելու դեպքում կարող եք դիմել այն կառույցի հայտարարագրման գործընթացի խորհրդատուին, որտեղ պաշտոն է զբաղեցնում հայտարարատու պաշտոնատար անձը: Խորհրդատուն հարցադրումը կենտրոնացված եղանակով կփոխանցի Հանձնաժողով:
Վերոնշյալ գործողությունների իրականացումից հետո, այլ հարցեր ունենալու պարագայում հայտարարագրման գործընթացի շրջանակում օգնություն ցույց տալու համար Հանձնաժողովում գործում են՝ 012-77-77-16, 012-77-77-19 և 012-77-77-21 հեռախոսահամարները, իսկ կապ հաստատելու անհնարինության պայմաններում կարող եք գրավոր հարցերն ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ դիմել Համակարգի «Օգնություն» բաժնի միջոցով:
3. Եթե ամուսնուս հետ համատեղ չեմ բնակվում 183 և ավելի օր, արդյո՞ք նա կրում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն
Այո, ամուսինը հայտարարագրիր ներկայացնելու պարտականություն կրում է անկախ համատեղ բնակության հանգամանքից, իսկ օրենքով սահմանված՝ 183 և ավելի օր համատեղ բնակվելու դրույթը վերաբերում է համատեղ բնակվող այլ չափահաս անձանց։
4. Արդյո՞ք ունեմ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, եթե դադարեցրել եմ պաշտոնը, բայց նշանակվել եմ նոր պաշտոնի
Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:
Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:
5. Ինչպե՞ս համակարգում մուտքագրել ընտանիքի նոր անդամ
Հայտարարատու պաշտոնատար անձը իր հայտարարագիրը ներկայացնելուց առաջ «ընտանիքի անդամներ» բաժնում պետք է ավելացնի իր հետ համատեղ բնակվող չափահաս անձանց հետևյալ կերպ․
Նոր Ընտանիքի անդամ ավելացնելը․
Նոր Ընտանիքի անդամ ավելացնելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները․ «+ Ավելացնել կամ ստեղծել»
1. Ընտանիքի կազմ ներդիրում սեղմել պատկերակի վրա,
2. Բացված պատուհանի որոնման դաշտում մուտքագրել անունը կամ դրա մի մասը։ Կցուցադրվեն մուտքագրված անունին համապատասխանող բոլոր արդյունքները,
3. Մկնիկը տեղաշարժել այն անունի վրա, որն անհրաժեշտ է կցել հայտարարատուի ընտանիքի կազմում և սեղմել «+ Ավելացնել» պատկերակի վրա,
4. Բացված պատուհանում լրացնել հետևյալ դաշտերը՝
• Ընտանիքի անդամի տեսակ (Ամուսին/կին, համատեղ բնակվող չափահաս անձ և այլն),
• Սկիզբ (համատեղ բնակության սկզբի ամսաթիվ),
• Ավարտ (համատեղ բնակության ավարտի ամսաթիվ),
• Գործատուի անվանումը,
• Պաշտոնը (աշխատանքային գործունեությունը),
5. Սեղմել «Ավելացնել» կոճակը։
Ընտանիքի անդամի ստեղծում
Եթե որոնվող ընտանիքի անդամը համակարգում առկա չէ, անհրաժեշտ է ստեղծել նորը։ Ընտանիքի անդամ ստեղծելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները․
1. Բացված պատուհանում սեղմել «+ Ստեղծել նորը» պատկերակի վրա,
2. Բացված Անձնական տվյալներ պատուհանում լրացնել ընտանիքի անդամի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները,
3. Պահպանել տվյալները և փակել պատուհանը։
Ընտանիքի անդամի տվյալների խմբագրում
Ընտանիքի անդամի վերաբերյալ տվյալները խմբագրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները․
1. Ընտանիքի կազմ դաշտում մկնիկը տեղաշարժել այն գրառման վրա, որն անհրաժեշտ է խմբագրել,
2. Սեղմել խմբագրել կոճակը,
3. Բացված պատուհանում կատարել անհրաժեշտ փոփոխությունները։