1. Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով նախատեսվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի կատարելագործումը, իսկ որպես թիրախային նպատակ՝ 2024 թվականի համար սահմանվել է վերջիններիս գործառույթների իրականացման խոչընդոտների գույքագրումը և նրանց կարգավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը: Ռազմավարական սույն հանձնառության շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), համակատարող մարմինների՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և Արդարադատության նախարարության հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ, սույն թվականի ապրիլի 11-ին իրականացրել է միջգերատեսչական աշխատաժողով-քննարկում՝ «Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը․ խնդիրները և բարեփոխման հեռանկարները» խորագրով:
Աշխատաժողովին ներկայացվել են Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի խնդիրների գույքագրման նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված հարցման արդյունքները, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից արձանագրված խնդիրները:
2. 2024 թվականի մայիսի 7-ին Անի Պլազա հյուրանոցում, կայացել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) արդյունքների ներկայացման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Գերմանիայից, Լատվիայից, ինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունից, Եվրոպական միության պատվիրակությունից, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային ու տեղական կազմակերպություններից:
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվում է 2024թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից 3-ի շահառուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝Հանձնաժողով) է, 1-ինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը: Որպես հատուկ նպատակ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի (բարեվարքության) ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողություննների զարգացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև նպաստելու Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը:
3. Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2024 թվականի մայիսի 17-ին մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված` կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:
Լ. Ալեքսանյանն իր խոսքում կարևորել է Հանձնաժողովի մասնակցությունը տվյալ միջոցառմանը, ներկայացրել կորպորատիվ կառավարման խթանմանն ուղղված` Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ընդգծել մասնավոր-պետական հատվածի փոխգործելիության և փորձի փոխանակման, ինչպես նաև պետական գերատեսչությունների կոլեկտիվ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը` պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման հարցում:
4. Հանձնաժողովը մայիսի 22-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի 2-րդ կուրսի թվով 27 ուսանողների:
Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին, դիտել տեսանյութ, որի շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ:
Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները ներկայացրել են կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները, ինչպես նաև ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի շրջանակը:
5. Մայիսի 27-ին Հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Դանիելյան մասնակցել է «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի և Բաց կառավարման շաբաթ գլոբալ նախաձեռնության շրջանակներում կազմակերպված՝ «Պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացը. առկա խնդիրները և նախատեսվող կարգավորումները» խորագրով փորձագիտական քննարկմանը:
Քննարկման ընթացքում Արմինե Դանիելյան իր խոսքում անդրադարձել է նվերների հանձնման, հաշվառման, գնահատման կարգերին, նվերների էլեկտրոնային ռեեստրի ներդրման համակարգին՝ նշելով, որ Հանձնաժողովը նախատեսում է ռեեստրի ներդնումն ավարտել մինչև 2024-ի դեկտեմբերը, սակայն ժամկետները միայն հանձնաժողովից կախված չեն, հայտարարվել է աշխատանքների իրականացման համար բաց մրցույթ, որի առաջին փուլն ավարտվել է մայիսի 24-ին, սակայն դիմողներ չեն եղել, ինչի արդյունքում 2 շաբաթով ժամկետը երկարաձգվել է:
6. Մայիսի 31-ին «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ Ծրագրի 1.3 բաղադրիչի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի Քաղաքացիական կրթության կենտրոնում տեղի է ունեցել շուրջ 20 դասախոսների հետ աշխատաժողով, որին ներկա են գտնվել մասնակիցներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Աշխատաժողովի նպատակն էր փորձագետների կողմից մշակված մոդուլների, նյութերի քննարկումը, ինչպես նաև անհրաժեշտ հմտությունների և կարողությունների փոխանցումը մասնակիցներին: