Սույն թվականի մայիսի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու» վերտառությամբ հոդված` https://armlur.am/1368247/, որը փաստացի անճշտություններ է ներկայացնում։ Մասնավորապես, հոդվածում ակնարկ է արվում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի իրականացնում համապատասխան ուսումնասիրություններ և անդրադառնում է միայն ընդդիմադիր պաշտոնյաների թույլ տված խախտումներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվությունը, ինչի արդյունքում արձանագրել է, որ Ե. Կարապետյանը հայտարարագիր ներկայացրել է իբրև պաշտոնատար անձի ընտանիքի անդամ: Ե. Կարապետյանը չի հանդիսանում պետական պաշտոն զբաղեցնող անձ, այլ քաղաքացիական ծառայող է:
Միաժամանակ, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները հստակ սահմանված են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով, որով Հանձնաժողովին վերապահված չէ լիազորություն՝ հետևելու քաղաքացիական ծառայողների անհամատեղելիության պահանջների պահպանմանը: Քաղաքացիական ծառայողների անհամատեղելիության դեպքերի քննությունն իրականացվում է ոլորտային՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին՝ իրենց գործունեության ընթացքում հրապարակումներ կատարելիս տվյալներն ուսումնասիրել համապարփակ և ամբողջական, տեղեկատվության պակասի դեպքում նախապես դիմել Հանձնաժողովին՝ այդպիսով զերծ մնալով փաստերի խեղաթյուրումից և Հանձնաժողովի գործունեության և գործառույթների վերաբերյալ տարընկալումներ առաջացնող չճշտված տեղեկություններ հրապարակելուց: