2024թ.-ի հունիսի 18-ից 21-ը Լիտվայում կայացել է «Դիմակայել համաշխարհային մարտահրավերներին. Նպաստել բարեվարքության ամրապնդմանը» խորագրով 21-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը(IACC/ՄՀԿԿ): Հայաստանի պատվիրակության կազմում Համաժողովին մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Քառօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային տեխնոլոգիաներին, մասնավոր ոլորտում բարեվարքության ամրապնդմանը, ինչպես նաև՝ թափանցիկության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված մի շարք թեմաներ: Ընդգծվել է արհեստական բանականությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց, քննակվել են վերջինիս ռիսկերն ու հնարավորությունները՝ որպես թափանցիկության ապահովման և բարեվարքության ամրապնդման կարևոր գործիք, անդրադարձ են կատարել «Բիզնես բարեվարքության»-ը՝ որպես առաջընթացի խթանման շարժիչ ուժ, կարևորվել է ԶԼՄ-ների դերը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարում:
Քննարկվել են նաև, թե ինչպես է կոռուպցիան խթանում համաշխարհային այնպիսի մարտահրավերներ ինչպիսիք են՝ ժողովրդավարության անկումը, անվտանգության սպառնալիքները, համաշխարհային ֆինանսական կայունության խախտումը և այլն:
Առանձին թեմատիկ միջոցառման ընթացքում Մարիամ Գալստյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի փորձը, իրականացված քայլերը, ձեռքբերումները և մարտահրավերները:
Նշենք, որ ՄՀԿԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխարհի ամենամեծ անկախ համաժողովն է, որը ստեղծվել է 1983 թվականին և երկու տարին մեկ անգամ աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացնում է իր հերթական համաժողովը, որն իր շուրջն է համախմբում 800-ից մինչև 2000 մասնակիցներ աշխարհի ավելի քան 135 երկրներից: