Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կրթության կազմակերպիչների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և հակակոռուպցիոն, ինչպես նաև ժողովրդավարության խմբակներ վարողների համար, մշակել է «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծ, որի շուրջ կարծիքներ հավաքագրելու և այն տեղայնացնելու շուրջ քննարկումների շրջանակներում, հունիսի 28-ին Հանձնաժողովում հյուրընկալվել են ՀՀ մի շարք ուս. հաստատությունների շուրջ 20 տնօրեններ և փոխտնօրեններ:
Մեթոդական ձեռնարկի նախագիծը առաջարկում է ինտերակտիվ և մասնակցային ուսուցման նոր մեթոդներ՝ կրթության միջոցով կոռուպցիայի կանխարգելման և սովորողների շրջանում էթիկայի և բարեվարքության ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ հակակոռուպցիոն կրթության բովանդակության, հանրային բարեվարքության ամրապնդմանն ուղղված կրթության իրականացման մոտեցումների, դասարանում հանրային բարեվարքությանը միտված կրթության իրականացման շուրջ: Մասնակիցները ծանոթացել են նաև կոռուպցիայի տիպաբանությանը, տեսակներին, կազմակերպվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի գնի և ազդեցության, նյութական և ոչ նյութական արժեքների տարանջատման վերաբերյալ, ինչպես նաև ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդել են կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրենց գիտելիքները:
Հանձնաժողովը՝ կարևորելով կոռուպցիայի նկատմամբ զգայուն և դիմակայող միջավայր ստեղծելու ահրաժեշտությունը, շարունակելու է հակակոռուպցիոն կրթական ծրագրերի և իրազեկման արշավների իրականացումը: