Պատմություն

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին և հանդիսանում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի անբաժան տարրը:
«Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում «կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության» և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման և ժողովրդավարության ապահովման տեսանկյունից ելնելով` կարևորվել է կոռուպցիայի կանխարգելումը, որի արդյունավետ իրականացման համար սահմանվել է համապատասխան մանդատ ունեցող, անկախության երաշխիքով հատուկ ինստիտուցիոնալ մարմնի ձևավորումը և վերջինիս գործունեության համար լիարժեք ու արդյունավետ պայմանների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես կամք և հանձնառություն, նյութականացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություններում (այսուհետ՝ Ռազմավարություն): Մասնավորապես՝
● 2015-2018թթ Ռազմավարության արդյունքների որպես դրական քայլ արձանագրվել է 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին:
● 2019-2022թթ Ռազմավարությամբ կարևորվեց կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացումը՝ հանրային կառավարման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի ստեղծմամբ ու կատարելագործմամբ: Որպես Ռազմավարության առաջնային միջոցառում նախանշվեց Հանձնաժողովի ձևավորումը և բնականոն գործունեության ապահովումը:
● Եվ այսպես, ձևավորվեց Հանձնաժողովը, որին օրենսդրորեն վերապահվեց լիազորությունների լայն շրջանակ՝ երաշխավորելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքությունը, կառավարելու հայտարարագրման համակարգը, վերահսկելու պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության, շահերի բախման, այլ սահմանափակումների պահանջների, վարքագծի կանոնների պահպանումը, իրականացնելու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությունը, աջակցելու գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերի կառավարման և զսպման գործընթացին, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմանը:
● Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով՝ բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Հանձնաժողովի գործունեության անխոչընդոտ շարունակականության ապահովման նպատակով 2019 թվականին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի առաջին կազմի անդամները նշանակվել են հետևյալ ժամանակահատվածով՝
1) Հանձնաժողովի երկու անդամ` 6-ական տարի
2) Հանձնաժողովի երկու անդամ` 4-ական տարի
3) Հանձնաժողովի մեկ անդամ՝ 3 տարի:
Հանձնաժողովի անդամներին վերապահվել են առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացի համակարգումը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը: Վերջինիս աշխատակազմը գործել է մինչև Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:
Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են։ Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Scroll to Top